Հաճախ մարդիկ վախենում են ձևաբանական հետազոտությունից կամ այսպես կոչված «բիոպսիայից»՝ մտածելով, որ «վատ» պատասխանն իմանալով առողջությանը ավելի մեծ վնաս կհասցվի, քան բուն հիվանդության առկայությունն է:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Պաթանատոմիական կլինիկայի բաժնի վարիչ, ԵՊԲՀ Ախտաբանական անատոմիայի եւ կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Անդրեյ Պապյանը շեշտում է, որ բիոպսիայից պետք չէ վախենալ, քանի որ դրա շնորհիվ բժիշկը կարողանում է ախտորոշել հիվանդությունը, իսկ ձևաբանական հետազոտության արդյունքի վրա հիմնված ճիշտ ախտորոշումը նշանակում է ճիշտ բուժում և հետևաբար շուտափույթ ապաքինում:
Այսպես, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց դիմած 18-ամյա երիտասարդին հենց ախտաբանաանատոմիական հետազոտությունն է «փրկել» անվերջանալի ստուգումներից և անարդյունք բուժումներից: Եվ այսպես, պացիենտը երկար ժամանակ գանգատվել է ընդհանուր թուլությունից, քաշի կորուստից, ոսկրային ցավերից, որովայնի անկանոն ցավերից, վքնացությունից: Նախկինում բուժվել է տարբեր մասնագետների մոտ, բայց անարդյունավետ, ժխտվել է պարբերական հիվանդությունը: Գանգատների սրացման պատճառով դիմել է համալսարանական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է օստեոպորոզը, սակավարյունությունը, ավիտամինոզը, առաջարկվել է էնդոսկոպիկ հետազոտություն:
Երկար բանակցություններից հետո գաստրոէնտերոլոգ Աստղիկ Աբրահամյանի ջանքերով ծնողը համաձայնել է էնդոսկոպիկ հետազոտություն իրականացնել, սակայն անզեն աչքով արտառոց փոփոխություններ չեն դիտվել: Բուժող բժշկի պնդմամբ՝ կատարվել է բիոպսիա ստամոքսից և ՏՄԱ-ի տարբեր հատվածներից: Ախտաբանաանատոմիական հետազոտություն արդյունքում հայտնաբերվել է տասներկու մատնյա աղու թավիկների ապաճում, համադրելի արտահայտված ցելիակիայի պատկերի հետ:
Ցելիակիան կամ գլյուտեն-սենսիտիվ էնտերոպաթիան աուտոիմուն հիվանդություն է, այլ կերպ ասած՝ ալերգիայի տեսակ հացահատիկի նկատմամբ, բուժվում է միայն դիետայով, ոչ մի լրացուցիչ դեղորայք չի պահանջվում: Հետագայում ցելիակիան հաստատվեց նաև արյան մեջ հակամարմինների հայտնաբերումով և գենետիկ հետազոտությամբ: Դիետային անցնելուց հետո բոլոր գանգատները վերացել են, իսկ աղու լորձաթաղանթը ամբողջովին վերականգնվել:
Հաշվի առնելով այն փաստը, որ ցելիակիայի դեպքերը ավելանում են և Հայաստանում և աշխարհում, իսկ ախտանշանները միշտ չէ, որ արտահայտված են լինում, կամ կարող են նույնիսկ կապ չունենալ աղեստամոքսային տրակտի հետ, օրինակ չբերության պատճառ դառնալ երիտասարդ ընտանիքներում, Անդրեյ Պապյանը խորհուրդ է տալիս հնարավորինս շուտ դիմել բժիշկներին և չխուսափել բիոպսիա կոչվող հետազոտությունից:
.png)